Pages

Total Pageviews

Showing posts with label սպասել. Show all posts
Showing posts with label սպասել. Show all posts

Tuesday, June 19, 2012

Մաս երկրորդ : Վաղը:

     Չորս տարեկան Մարիամիկը փորձում է բռնել, մոմի դողացող լույսի հետևանքով առաջացած իր իսկ ստվերը, նա երբեք էլ չի բռնի, բայց նա դեռ չգիտի դրա մասին ու հիմա հոգնած քնում է, խոստանալով ինքն իրեն, որ կբռնի ստվերը վաղը:
Իսկ մինչ այդ , նույն այդ հոսանքազրկված շենքի բակում անհայտ ցեղից ծնված անանուն շունը վազում է իր իսկ պոչի հետևից ու արդեն պտտվում է քսանութերորդ պտույտը, բայց աղբանոցային դժվար կյանքից ձանձրացած, երկարաոտ կատուն շեղում է նրան, ու նա նետվում է կատվի հետևից, խոստանալով ինքն իրեն, որ կբռնի իր պոչը վաղը, չկռահելով, որ իր պոչը չափազանց կարճ է, և վազելով հասնում է կողքի բակ, որտեղ կարմիր վարդեր են ծաղկում ու ես ժպտերես նայում եմ նրանց, նկատելով իմ հայացքը նրանք չեն բացվում թանկացնելով իրենց և պատճառաբանելով , թե հիմա երեկո է ու արև չկա, ինչպիսի հիմարություն, ինձ համար կարելի էր անել բացառություն և բացվել առանց արևի, ես ընդհանրապես անտարբեր եմ ծաղիկներին , իսկ իրանց սիրեցի: Որոշում եմ գալ վաղը, ու մտքովս էլ չի անցնում, որ վաղը ես նրանց կմոռանամ:
    Բայց սիրահարներ Արամը ու Անահիտը չեն ցանկանում դեռ տուն գնալ, այլ սիրահարների այգու փոքրիկ լճակի մեջ փորձում են շոյել մեկը մյուսի պատկերը , բայց ջրին դիպչելուն պես պատկերները անհետանում են: Նրանք երբեք էլ չեն կարողանա շոյել իրենց արտացոլանքները ու չնայած նրանք դա լավ գիտեն որոշում են գալ վաղը ու նորից փորձել:
    Մենք բոլորս էլ սպասում էինք վաղվան, միշտ ենք սպասում վաղվան դնելով դրա մեջ այն ամենը ինչ չունենք այսօր:
   Իսկ այդ վաղը հմտորեն փախչում է մեզանից, ամեն անգամ փոխվելով այսօրվա: 

Friday, January 27, 2012

Երբ պետք է սպասել:

Մատնված շարժասանդուղքի,իր ուղղության մեջ վստահ, ընթացքին իջա  մետրո: Խոնավ, անհյուրընկալ օդը աստիճանաբար կուլ է տալիս ինձ: Դեմքս, որն արտահայտում էր նույնքան էմոցիա և էներգիա որքան այս սառը պատերը. այլանդակվեց տագնապի ստվերով, երբ լսելի դարձան սպասված գնացքի դռների բացվելը ու մարդկանց հոսքի շտապ քայլերը:                   Ինքնաքննադատման երդվյալ մերժող լինելով ես խույս կտամ իմ բացահայտ ծիծաղելի և ողբերգական, հեռացող գնացքի հետապնդման բոլոր մանրամասնություններից: 
Կրած անհաջողությունից ու վատ տրամադրությունից թաքնվելով շարֆիս մեջ, մտածեցի ահա թե ինչ`. որ երբ ինչ-որ դուռ փակվում է հենց քթիդ առջև դու չծախսելով ժամանակ ափսոսելու, վհատվելու ու հուսախաբության ջրերում քեզ խեղդելու վրա, պետք է արագ շրջվես ու գտնես այն դուռը, որը բաց է ու գնաս դեպի այն: Իմ այս` ըստ իս անհերքելի ճշմարտությունը որոշեցի կիրառել պրակտիկորեն,ու մտածեցի, որ ես հիմա պետք է շրջվեմ գնամ ու գնացքը նստեմ հակառակ կողմից իջնելով առաջին իսկ կայարանում իսկ հաջողությունը ինքը կգա ինձ մոտ: Եթե մի պահ խախտել մեր համար նախատեսված ճակատագրի սցենարը, ամեն ինչ կլինի ավելի լավ քան կարելի է մտածել, ամեն ինչ կլինի ԱՅԼ ԿԵՐՊ: Մինչ ես` նեղացած ու հոգեպես խոցված լինելով ինձ չսպասած գնացքից, մտածում էի, թե ինչպես խորամանկել սեփական ճակատագիրը ու անել մի բան ԱՅԼ ԿԵՐՊ, հաջորդ գնացքը եկավ ու այս մտքերը, որ դեմքիս նկարել էին մեծ մտածողի ծանր փիլիսոփայական կերպար ջնջվեցին իրենց հետևից թողնելով դառը հեգնանքի գծուծ քմծիծաղ:  


                                                                                          Արմինե Ճաղարյան