Pages

Total Pageviews

Sunday, March 25, 2012

Ազգայնամիտված փոստեր

Դիցուկ դիտարկում ենք միջին վիճակագրական հայկական օջախ: Եվ փորձում ենք ըստ արտաքին և ներքին գործոնների պարզել խաղաղության աստիճանը տանը: Եվ այսպես առաջին գործոն ` պատին հենված գերանդի. Առաջին հայացքից այն խոտ հնձելու համար է, սակայն այն ազդարարում է տանը տղամարդու ներկայության մասին` չկա գերանդի չկա տղամարդ: Արտաքին գործոնների ցանկը համալրում է երդիկից դուրս եկող ծուխը, այն պետք է լինի բաց մոխրագույն գույնի և դուրս գա հավասարաչափ, սա խոսում է այն մասին, որ հարսը ժամանակին արթնացել է և բարեհաջող վառել է թոնիրը: Շեմքին դրած ոտնամաները նույն ինքը այդ շրջանում լայն տարածված և նորաձև տրեխները, ունեին նախանձելի համառությամբ ցեխոտվելու սովորություն և այդ է պատճառը, որ...
...շեմքին մաքուր տրեխները ազդարարում էին այն մասին, որ կռվելու կարիք դեռևս չկա: Մտնենք ներս: Անհաշվելի քանակությամբ 40սմից- մինչև մետր ու կեսանոց բոյով մանչուկները զվռնում էն աջ ու թարս , մեկը մառանից թրցրած սուջուխ ուտելով, մյուսը գրպաններում երեկվանից դեռ մնացած աղանձը ծամելով, մյուսը եղբորից ծեծ ուտելով: Թվում է թե կատարյալ խառնաշփոթ է, բայց խնդրում եմ առանց խուճապի, տանը երեխաների թիվը և նրանց աշխուժությունը բնութագրում է օջախի առողջ լինելը: Անհանգստության կարիք չկա: Հարսին պատժել պետք չի: Եվ ի դեպ հայ աղջիկները միշտ էլ աչքի են ընկել արագ ըմբռնելու ունակությամբ և ինչքան շուտ էին հասկանում  որ ամուսնացել են տղայի ընտանիքին ոչ թե տղային այնքան նվազում էր օջախի խաղաղության խարխլման վտանգների աստիճանը:
Բազմամարդ ընտանիքը նստած է սեղանի շուրջ, իսկ սեղանի տակ պահանջկոտ մլավոցով հացի խնդիր է լուծում ծեր կատուն, և ստանում փոխարենը ոտքով քացիներ, որը պետք է նշեմ անօրինական է, կատվին սիրելու և պատժելու իրավունք ունի միայն մեծ մամը, որը կանգնած թոնրի կողքին ճաշ է լցնում, ուշադրություն ` շերեփով: Շերեփ- առաջին հայացքից այո ճաշ լցնելու համար, սակայն այն մեր հայ օջախը դարերի խորքից ապագա տանող մեծ տապանի ղեկն է, որը անվիճելիորեն վստահաված էր միայն ու միայն մեծ մամերին:
Այժմ ողջ աշխարհը կանգնած է էներգետիկ ճգնաժամի առաջ, վառելիքի համաշխարհային պաշարները սպառման եզրին են, մինչդեռ մեր պապերը այս ամենը նախատեսել էին և օգտագործում էին կովերի արտաթորանքը: Իսկ հիմա այս վառելիքը անհեռատեսորեն գրեթե դուրս է եկել  շրջանառությունից: Արհամարանքի մատնվել անարդար կերպով, չէ որ տարիներ շարունակ ապրել ենք նույն հարկի տակ այս ազնիվ կենդանիների հետ օգտվել ու շահագործել նրանց ինչպես կարողացել ենք իսկ հիմա ուրանում ենք: Բայց այս կենդանիները ի մեծ բարեբախտություն մեզ հիշաչար չեն, նրանք միևնույնն է պատրաստ են սատար կանգնել ու մեզ օգնել դժվարին պահին, անուղղելի խոտակեր լինելով, այս իդեալական դիետան պահելով նրանք պատրաստ են ուտեն ու տան մեզ էկոլագիապես մաքուր ու անարատ աթար: Իսկ եթե խոսենք էսթետիկ տեսքի մասին, ապա որևէ խնդիր չկա Բրաբիոնում կփաթեթավորեն լավագույն կերպով և կգրենք տուփին, օրինակ մոդայիկ անվանում` <<ԱՎԱԹԱՐ>> ՍՊԸ  <<մենք մտածում ենք ձեր ջերմության մասին>>  :

Այնուամենայնիվ մենք հայերս իսկապես բարի ու մեծահոգի ազգ ենք վերցնենք թեկուզ մեր յուրովի մոտեցումը կենադանական աշխարհին: Սա թալակ է և առաջին հայացքից երիցս անիծված մկների ոչնչացման մեքենա, բայց պատկերացնենք մառան դե բնականաբար մթերքից ծփացող այլևս տեղ չկա անգամ շարժվելու, օդային տարածքը ևս ռացիոնալ ենք օգտագործել հերթով կախված են` ավելուկ, սոխ սխտոր, ավելուկ, սոխ սխտոր: Դրախտ նոր ժամանած մկների ազգաբնակչության համար: Մենք չէնք մոռացել թալակը լարել պանրի կտորը դնել,եթե վանեցի եք կամ արտաշատցի պանիրը ուտում եք հացը դնում, և սպասել երբ կբռնվի  և ահա թալակը փակվեց չլմփ, աչքերը դուրս, լեզուն դուրս-ուղեղի ցնցում: Մկների անդրանիկ արշավը մթագնում է անփորձ մկան անհաջողությունը, որը ցավալի է, բայց հաջորդ իսկ օրը Մկներ հաաարձակում: Նորից չլմփ աչքերը դուրս, լեզուն դուրս-մահ: Այ սա արդեն մտահոգիչ է, արտահերթ ժողով է հրավիրվում ազգաբնակչության աճի նվազում, մահացության թվի կտրուկ աճ, որոշվում է` մկներ նահանջ և ոչ մի հետք նրանցից: Չէ տեսեք ինչպիսի ցիվիլ մարդասիրական քայլ մեր կողմից ոչ թե դեղ ու թույն ենք օգտագործում ինչպես ամենուր այլ նախազգուշական մոտեցում մահվան ընդամենը մեկ ելքով: Այ բնության մարդու ու կենդանական աշխարհի ինչպիսի ապշեցուցիչ հարմոնիայի ականտեսն ենք մենք դառնում. զարմանալի է :

No comments:

Post a Comment