Pages

Total Pageviews

Sunday, January 22, 2012

Մորտ Լուցոն

Ցանկացած լուցկու հատիկ ազատ է իր ընտրության մեջ, բայց և անազատ է ընտրության բացակայության պատճառով: Թերևս սա և բազմաթիվ նմանատիպ պարադոքսները ստիպում են անթերի միանման ճակատագրեր ունեցող լուցկու հատիկներին իրար մոտ մնալ ու երբեք, երբեք չհեռանալ տուփից.. երբեք.. թեպետ իսկ ինչու ոչ, գեթ մեկ անգամ Լյուսիի բարակ մեջքի կորությունից խենթանալու անհրաժեշտությունից դրդված կարելի է: Լուցկին սոցիալական էակ է և ունի ազատ կամքի իրավունք...
Էս մտքերը առանձին առանձին ծակծկում էին դեռ ուշքի չեկած հիվանդագին նիհար ու տարօրինակի պես կապտահեր երիտասարդ Մորտ Լուցցոյի` մի ամբողջ շաբաթ կամ, ով գիտի գուցե և մի ամբողջ հավերժություն, թմրեցրած ուղեղը: Ջարդված ապակու մասնիկների նման ցրված, գիտակցության փշրանքները իրար գլուխ հավաքելով նա փորձում էր հասկանալ որտեղ է: Զգալով իրեն հենված այրված ու կիսով չափ սևացած, իր հարևանի այլանդակված մարմինը սարսռաց գիտակցելով, որ նորից իր խցում է ու նորից վերջին շարքում թերայրվածների մեջ: Մորտը երբեք էլ քաջությամբ չէր առանձնացել բայց սարսափի ճիչը կուլ տալուց անմիջապես հետո նետվեց առաջ և գուցե իր նիհարության շնորհիվ նրան հաջողվեր դուրս պրծնել դեպի դիմացի շարքերը, բայց առաջին շարքում արդեն մի ամբողջ կյանք կանգնած պատկառելի տարիքի և համակերպված դեմքի արտահայտությամբ Լավրենտի Լուցցոյի ծանր հարվածը մխրճեց նրան իրեն անծանոթ հատիկների շարքերը ու մատնեց  թշնամական հայացքների հոշոտմանը: Նա շնչում էր դանդաղ, կարծես վախենալով թունավորվել ներս քաշելելով ատելությամբ թաթախված օդը, ինչ-որ տեղ ներսում նա գիտեր այս ամենի պատճառը ու գուցե նաև չէր մեղադրում մյուսներն` բարձրահասակ,սևահեր, ամրակազմ մյուսներին: Նեղ ճեղքից տուփ թափանցած կարմրադեղին լույսը հիշեցրեց Մորտին, որ հիմա մայրամուտ է, բայց և մի անգամից մոռացնել տվեց, որովհետև լույսը այդ գալիս էր երբևէ իր տեսած ամենաշքեղ ու վեհակազմ գեղեցկուհու սև ու փարթամ մազերը գգվելով: Նա ուներ իրեն գամող ու իր գերազանցության մեջ անհամեստ գեղեցկություն, որին կատարելության էին հասցնում խոր ու խելացի հայացքը, թեպետ գեղեցիկ կանայք երբեք հիմար տեսք չեն ունենում: Վրա հասած սառը մթությունը ստիպեց Մորտին քնել, ու արթնացավ նա բավականին ուշ տուփի հերթական ցնցումների ժամանակ: Տուփը բացվեց և կնոջ չաղ և սոխի սուր հոտով մատները վերցրեցին Լավրենտի Լուցոյին և փակեցին տուփը նրա ետևից: Լսվեց նրա բոցավառման թույլ ճիչը, որին հաջորդեցին մյուսների անզուսպ փսփսոցներն ու քննարկումները այն մասին թե ով է լինելու հաջորդը, միայն մեկն էր որ վստահ էր` հաջորդը նա չէ: Մորտ Լուցցոն հաջորդը չի լինելու:         
Ես հաջորդը չեմ լինի, ինձ ոչ ոք չի նկատի..անտեսված լինելը երբեմն ունի իր դրական կողմերը հարկավոր է սպասել մինչև մթնի ու փախչել այստեղից փախչել առանց ետ նայելու այնքան արագ որ քամին խճճվի մազերիս մեջ ու փորձի ինձ կանգնեցնել,բայց ես չեմ կանգնի այլևս երբեք չեմ կանգնի,չէ որ ես անգամ քամին չեմ զգացել: Մարդիկ երջանիկ են, որովհետև նրանք չգիտեն ինչ է նրանց հետ լինելու հաջորդ վարկյանին նրանք ունեն ընտրելու իրավունք, իսկ մենք ոչ մենք ուղղակի ծնվել ենք որ այրենք ու այրվենք և ինչքան շուտ այնքան լավ միակ երազանքը հասնել մեր միակ նպատակին հնարավորինս շուտ: Մարդիկ երջանիկ են, նրանք կարող են երազել,-մտածում էր երիտասարդ Մորտ Լուցցո լուցկու հատիկը իր կապույտ գլխիկը անշարժ պահած տուփի դռան արանքում` որ չծածկեն ու գիշերը փախչի: Ու գիշերը եկավ ու նա դանդաղ դուրս սողաց տուփից ու հայտնվեց այնտեղ ուր երբեք ոչ մի լուցկու հատիկ չէր հայտնվել, նա հայտնվեց ազատության մեջ: Առաջին անվստահ քալերը դրեց ու հայտնվեց երկու քայլ մոտ դեպի իր երազանքը, երկու քայլ մոտ դեպի Լյուսիի ուռենու նման հեզաճկուն մարմինը ու անուշաբույր, երեկոյի երկնքի պես մութ կապույտ վարսերը, երկու քայլ ավելի խորը դեպի երջանկությունը ու զգաց խոնավ սառնություն, ողջ մարմինը սանտիմետր առ սանտիմետր թուլանում էր և լցվում հաճելի ծանրությամբ:
_Ահա թե ինչպիսի համ ունի ազատությունը` մի քիչ սառը բայց և ջերմացնող, թաց, սուր կտրուկ բայց և թուլացնող,- մտածում էր գինու փոքրիկ լճակի մեջ հայտնված Մորտը, որը մինչ այդ երբեք գինի չէր խմել, իսկ գինին ներս էր սրսկվել նրա երակների մեջ ու հոսում էր, թմրեցնելով մարմինը ու մշուշելով առանց այդ էլ սպասումից ու երջանկությունից արբեցած գիտակցությունը: Բայց ուժերը` համարյա գերբնական, վրա են հասնում հենց այն ժամանակ երբ դու այլևս քեզ չես կառավարում,հենց այդ ուժերով Մորտը լցված սկսեց արագացնել քայլը, հետո սկսեց վազել, համարյա թռչել դեպի իր համարյա իրականացած երազանքը, որը անթափանց մթության մեջ խառնվելով հոգին թռցնող ու կուրծքը ճղող երջանկության հետ լույս էին ժայթքում ու նա սլանում էր սեփական ազատության անսահմանության մեջ:
Մի պահ կանգ առավ հեռվում տեսնելով շրջանաձև ահռելի կապույտ կրակը, ապա դանդաղ քայլերով սկսեց մոտենալ նրան, վստահ բայց ոչ ոգևորված, հուզված բայց այլևս ոչ երջանկությունից նա մոտեցավ կրակին ու դանդաղ կռացավ դեպի այն: Երիտասարդ Մորտ Լուցոն ինքնաբոցավառվեց: Հիմա նա վազում էր կրկնակի անգամ արագ բայց վազում էր հետ և ոչ թե երջանկությունն էր նրան ուժեր տվել այս անգամ, այլ մահվան սարսափը:
Հասնելով իր տուփին,որտեղից քիչ առաջ փախել էր այլևս ետ չգալու նպատակով նա իր հրդեհվող մարմինը մոտեցրեց ու համբուրեց սնափառ ու երբևէ իր տեսած ամենաշքեզ գեղեցկուհուն, որը զգալով այրող համբույրը իր շուրթերին իսկույն բոցավառվեց ու հաջորդ մի քանի վարկյանների ընթացքում լսվում էին հերթով տուփի բնակիչների բոցավառման ճիչերը իսկ Մորտը պոկ չգալով մոխրացող գեղեցկուհուց մտածում էր, որ մարդիկ դժբախտ են քանի որ չգիտեն ինչ է լինելու իրենց հետ հաջորդ վարկյանին իսկ իրենք գիտեն ու ունեն միակ երազանք հասնել իրենց միակ նպատակին: Մարդիկ դժբախտ են, որովհետև երազում են ու չեն ապրում: Իսկ Լյուսիի ժպիտը երևի նույնքան լույս է տալիս, որքան ես, էս գեղեցկուհին, որ էլ ոչինչով չի տարբերվում մյուսներից ու ողջ տուփը իրար հետ վերցրած,- մտածեց Մորտը մոխիր դառնալուց վարկյաններ առաջ, և ոչ ոք չիմացավ թե ինչ էր նա մտածում մեծ, կապույտ, շրջանաձև կրակի առաջ կանգնած և արդյոք Լյուսին գոյություն է ունեցել թե նա նրան հորինել էր, և այդպես էլ չիմացան այն մասին թե ինչ էր երազել կապտահեր լուցկու հատիկ երիտասարդ Մորտ Լուցոն:      




                                                                                   Արմինե Ճաղարյան  

No comments:

Post a Comment